понедельник, 11 апреля 2011 г.

ՎԱՆԱՀՈՐ ԵՎ ՄՈՆԹԻ ՄԱՍԻՆ (ճապոնական հեքիաթ)

Թարգմ. Սերգեյ Ումառյանի
Լեռնային մի փոքրիկ տաճարի վանահայր մի անգամ գործով տեղ է գնում և տաճարի խնամքը թողնում է իր մոնթին: Հանկարծ հորդ անձրև է տեղում: Մինչև ոսկորները թրջված մի ծխական վազում է դեպի տաճարը և խնդրում.
_ Բարի եղեք ինձ մի անձրևանոց տալու, ճանապարհին անձրև բռնեց:
_ Ի՞նչ կա որ, խնդրեմ, - պատասխանում է մոնթը և բոլորովին նոր անձրևանոցը տալիս է ծխականին: Վանահայրը անձրևանոցը նոր էր գնել և ոչ մի անգամ չէր օգտագործել:
Հետևյալ օրը վանահորը նորից կանչում են հանգուցյալի վրա աղոթք կարդալու: Հակառակի պես երկինքը նորից այնպե է մռայլվում, որ ուր որ է անձրևը նորից պիտի կաթի: Վանահայրը նայում է ամպամած երկնքին ու ասում.
_ Մո'նթ, բեր ինձ անձրևանոցը:
Մոնթն ստիպված էր խոստովանել, որ անձրևանոցը տվել է մի ծխականի:
_ Ո՞վ է այդպիսի բան անում: Մի՞թե կարելի է տանը եղած միակ անձրևանոցը տալ ուրիշի: Մյուս անգամ հրաժարվիր, ասա, որ դրել էի արևի տակ չորոնալու և հենց այդ ժամանակ չգիտես որտեղից այնպիսի մի փոթորիկ բարձրացավ, որ ջարդեց նրա բոլոր ձողերը, քրքրեց թղթերը և այժմ այնտեղ մառանի մի անկյունում ընկած է ու բանի պետք չի:
Վանահայրը մրթմրթալով ու նախատելով, ձեռագործ գլխարկը կապյուշոնի վրա հագնելով հին թիկնոցը վրան է գցում ու ճանապարհ ընկնում:
Անցնում է մի քանի ժամանակ, մի պարզ օր տաճար է մտնում մի գյուղացի ու ասում.
_ Այսօր օրն արևոտ է, ես էլ պատրաստվել եմ աղջկաս մոտ գնալու: Վաղուց նրան չեմ տեսել: Բայց ցավն այն է, որ հեռու եմ գնալու, սարերից այն կողմը: Ողորմած եղեք, ձեր ձին ինձ տալու: Այդ ժամանակ մոնթը հիշում է, թե ինչ խրատ է տվել վանահայրը և պատասխանում է.
_ Ների'ր ինձ բարեկամս, մեր ձիուն քիչ առաջ բաց թողինք արևի տակ արածելու, իսկ այդ պահին հանկարծ փոթորիկ բարձրացավ, ջարդեց ձիու կողերը, պատառոտեց ամբողջ կաշին և այժմ նա իբրև մի անպետք իր ընկած է մառանի հեռավոր անկյունում:
Գյուղացին աչքերը չռում է:
_ Հ~ա, - ասում է, - ա~յ քեզ չտեսնված պատահա~ր...
Եվ հեռանում է գլուխն օրորելով:
Վանահայրն իմանալով այդ մասին, առաջվանից ավելի շատ է նախատում մոնթին:
_ Իսկ ո՞վ է այդպես ասում: Մի՞թե կարելի է ձին անձրևանոցի հետ համեմատել: Պետք է ասեիր, որ մեր ձին մոտ օրերս բանգի1 էր կերել և կատաղել: Այնպես է քացի տվել, այնպես է փնչացրել ու գետին թավալվել, որ ոտքն ու գլուխը ջարդել է և այժմ ընկած է գոմում ու վեր չի կենում...
Երեք օրից հետո տաճար է գալիս մի հարուստ տան ծառա և ասում.
_ Տերս խնդրում է, որ վանահայրը տոնի կապակցությամբ շնորհ անի իր տունը:
Իսկ հնարամիտ մոնթը նրան պատասխանում է.
_ Մեր վանահայրը օրերս բանգի է կերել և բոլորովին կատաղել: Այնպես քացի տվեց, այնպես փնչացրեց, որ ջարդեց իր ոտքն ու մեջքը: Հիմա պառկած է անկողնում և չի շարժվում:
Լսում է վանահայրն այդ խոսքերն ու ապշում: Նա տեղից այնպես է վեր թռչում, կարծես վրան եռացած ջուր լցրած լինեին և մոնթի գլխին սկսում է հարվածել.
_ Մյուս անգամ վանահորը էլ չես հավասարեցնի քնձռոտ ձիու հետ, որ այցելուներին ծիծաղեցնես:

1Թունավոր բույս:

Комментариев нет:

Отправить комментарий