воскресенье, 10 апреля 2011 г.

ԱԿՈՒՏԱԳԱՎԱ ՌՅՈՒՆՈՍԿԵ / ԳԱՃԱՃԻ ԽՈՍՔԵՐԻՑ





Հայերեն տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» հանդեսի 2001-ի 1-ին համարում` Աշոտ Խաչատրյանի թարգմանությամբ: Ստորև բերված է այդ թարգմանությունը:

ՆԱԽԱԲԱՆ
«Գաճաճի խոսքերը» միշտ չէ, որ արտահայտում են մտքերս: Դրանք սոսկ հնարավորություն են ստեղծում պատկերացում կազմելու, թե մտքերն իմ ինչպես են օր-օրի փոփոխվում: Լինում է, որ ցողունը մի քանի շիվ է տալիս. Ով իմանա` քանիսը:

ՔԻԹԸ
Հանրահայտ է Պասկալի այն ասույթը, որ` եթե Կլեոպատրայի քիթը ծուռ լիներ, պատմությունն այլ ընթացք կարող էր ունենալ: Սակայն սիրահարը հազվադեպ է տեսնում իր սիրո առարկայի իրական դիմագծերը: Երբ սերը բռնում է մեզ` ի~նչ եզակի հմտությամբ ենք ինքներս մեզ խաբում:
Անտոնիոսը բացառություն չէ. թող Կլեոպատրայի քիթը իսկապես ծուռ լիներ` Անտոնիոսը հազիվ թե նկատեր: Իսկ եթե նույնիսկ և տեսներ` ապա այդ թերությունը լրացնող ինչ-որ բարեմասնություն էր հայտնաբերելու: Ամբողջ աշխարհում չես գտնի սիրեցյալիդ չափ արժանավոր ուրիշ մի կին: Անտոնիոսը, ինչպես որ մենք ենք անում, Կլեոպատրայի աչք-ունքի կամ շուրթերի մեջ կգտներ մի այնպիսի բան, որ պակասը կլրացներ վերադրով: Ավելացնենք` սովորական դարձած «իսկ նրա հոգին~ն»: Եվ իրոք որ` մեր սիրեցյալը բոլոր ժամանակներում անսահմանորեն գեղեցիկ հոգու տեր է եղել: Ընդսմին` հագուստը, կարողությունը կամ հասարակական դիրքը նույնպես արժանիքների թվին են դասվում: Ի վերջո, դեպքեր են եղել նույնիսկ, երբ արժանավորություն է համարվել այն իրողությունը (կամ ասեկոսը), թե երբևէ «մեր գեղեցկուհուն» սիրել է մեծանուն մեկը: Եվ եթե Կլեոպատրան Եգիպտոսի պերճաշուք ու հանելուկային թագուհիներից վերջինը չէր: Իսկ երբ անուշահոտության ամպերին բազմած շողշողացել է յուր մեծարժեք թագով, լոտոսի ծաղիկը ձեռքին (կամ էլ մեկ այլ ծաղիկ), արդյո՞ք ինչ-որ մեկը կտեսներ թագուհու քթի թեթև կորը: Առավել ևս` Անտոնիոսը:
Նման ինքնախաբեությունը ընդհանրական է ոչ սոսկ սիրահարության դեպքում: Հազվադեպ է լինում, երբ մենք իրականությունը չենք ներկում մեզ համար ցանկալի գույներով: Օրինակ բերենք թեկուզ ատամնաբուժարանի ցուցանակը. Մենք ոչ այնքան հենց ցուցանակն ենք տեսնում, որքան որ ցանկանում ենք տեսնել, քանզի ցավ ենք զգում: Պարզ է, որ մեր ատամնացավը համաշխարհային պատմության հետ որևէ կապ չունի: Սակայն նման ինքնախաբեությամբ են զբաղվում թե' քաղաքական այրերը, որոնք ցանկանում են ժողովրդի տրամադրվածությունն իմանալ, թե' զինվորականները, որոնք ցանկանում են ճշտել հակառակորդի դիրքը, և թե' գործարար մարդիկ, ովքեր ցանկանում են տեղյակ լինել դրամական գործերին: Ես ընդունում եմ, որ բանականությունը պետք է որոշ սրբագրումներ անի, բայց միաժամանակ ընդունում եմ նաև մարդու գործերն ուղղորդող «դիպվածի» գոյությունը: Եվ ինքնախաբեությունը թերևս այն հավերժական ուժն է, որն ուղղորդում է աշխարհի պատմության ընթացքը:
Մի խոսքով` երկհազարամյա պատմությունը կախված չի եղել իր ընթացքի մեջ հազիվ նշմարված Կլեոպատրայի քթի ծուռ կամ ուղիղ լինելու հանգամանքին: Այն ավելի շուտ կախված է եղել երկրաբնակների հավիտենական հիմարությունից: Այո, ծաղրանքի արժան, բայց և` մեր մեծագույն հիմարությունից:

ԷԹԻԿԱ

Մեզ իշխող բարոյախոսությունը` կապիտալիզմով թունավորված ֆեոդալիզմի բարոյախոսությունն է, որը միմիայն չարիք է բերում, և ոչ մի բարիք:

***
Բարոյախոսությունը հարմարվողականության մեկ այլ անվանումն է. «ձախ շարժման» նման մի բան:

***
Բարոյախոսության բարիքը ժամանակի և գործի տնտեսումն է:
Բարոյախոսության չարիքը` խղճի ամբողջական կաթվածը:

***
Անմտություն է հերքել բարոյախոսությունը. Դա նշանակում է քիչ հասկանալ տնտեսությունից: Անմտություն է ենթարկվել բարոյախոսությանը. Դա նշանակում է վախկոտ լինել, կամ` ծույլ:

***
Ուժեղը ոտնահարում է բարոյախոսությունը: Թույլին բարոյախոսությունը փաղաքշում է: Նա, ում բարոյախոսությունը հետապնդում է, միշտ կանգնած է թույլի և ուժեղի արանքում:

***
Խիղճը, ինչպես և ցանկացած գեղեցիկ արվեստ, իր մոլեռանդ հետևորդներն ունի, տասից ինը` կրթյալ ազնվականներ են կամ հարուստներ:

***
Խիղճը չի հայտնվում տարիքի հետ, ինչպես, ասենք, բեղն ու մորուսը: Խիղճ ունենալու համար որոշակի փորձ է պահանջվում:

***
Մարդկանց իննսուն տոկոսն ի ծնե զուրկ է խղճից:
Մեր վիճակի ողբերգությունն այն է, որ ջահելության մեղքով թե անբավարար փորձի, նախքան խիղճ կունենանք` մեզ անխիղճ սրիկաներ են համարում:
Մեր վիճակի զավեշտությունն այն է, որ` ջահելության մեղքով թե անբավարար փորձի, մեզ անխիղճ սրիկաներ համարելուց հետո միայն, մենք, ի վերջո, խիղճ կունենանք:

***
Խիղճը խստապահանջ արվեստ է:

Հնարավոր է, որ բարոյախոսության ակունքը խիղճն է: Սակայն դեռ երբեք բարոյախոսությունից սկիզբ չի առել այն, ինչը` խղճի մտոք, համարում ենք բարին:1

ԱԶԱՏ ԿԱՄՔ ԵՎ ՃԱԿԱՏԱԳԻՐ

Եթե հավատանք ճակատագրին` գոյություն չունի հանցանք, և ուրեմն նշանակում է, որ պատիժը կորցնում է իմաստը. հետևաբար, մեր վերաբերմունքը հանցագործի հանդեպ պետք է որ մեծահոգի լինի: Միևնույն ժամանակ, եթե հավատանք կամքի ազատությանը` հարկ է նաև պատկերացում ունենալ պատասխանատվության մասին, և որպեսզի խուսափենք խղճի կաթվածից, նախևառաջ խիստ պիտի լինենք հենց մեր անձի հանդեպ: Ինչի՞ն հավատանք:
Պատասխանեմ սառնասրտորեն. Պետք է հավատանք թե' կամքի ազատությանը, և թե' ճակատագրին: Կամ թե` կասկածենք և' ճակատագրին, և' կամքի ազատությանը: Արդյոք գերիշխող ճակատագրի կամո՞ք չենք ամուսնացել մեր ուզած կնոջ հետ: Եվ արդյո՞ք մեր կամքը չի եղել, երբ կնոջ կամքով զգեստ ու զարդ ենք գնել:
Ոչ միայն կամքի ազատությունն ու ճակատագիրը, այլևս` աստված սատանան, գեղեցիկն ու տգեղը, քաջությունն ու թուլամորթությունը, բանականությունն ու հավատը... մեր վերաբերմունքն այս ամենի նկատմամբ պետք է հավասարաբերվի, կշեռքի թաթերի պես: Հնում դա կոչվել է ոսկե միջին` «տյույո»: Անգլերեն թարգմանելիս դառնում է good sense` ուղղամտություն: Ես վստահ եմ, որ առանց ողջամտության անհնար է երջանկության հասնել: Իսկ եթե նույնիսկ հասնես` նման երջանկությունը չարիք կբերի, ինչպես` եթե շոգ օրով փայտ դնես կրակին, կամ թե` սառնամանիքին հովհար բանացնես:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է, որ արվեստագետը իր գործերը միշտ էլ գիտակցված է ստեղծում: Բայց եթե քննելու լինենք ստեղծագործությունն առանձին, ապա նրա գեղեցկության կամ տգեղության որոշ մասը գտնվում է միստիկ ոլորտում, որն արվեստագետի գիտակցությունից վեր է: Որոշ մա՞սը:
Չսպասելով հարցին` անմիջապես պատասխանեմ. Անհնար է, որ ոգին չդրսեվորվի ստեղծագործության մեջ: Մի՞թե «մեկ հարվածի և երեք խոնարհման2» հին սովորույթը չի խոսում անգիտակցական շեմին ունեցած մեր վախի մասին:
Ստեղծագործելը միշտ էլ խիզախում է: Երբ մարդկային ողջ ուժերն սպառվում են` մնում է միայն ապավինել երկնային կամքին:
«Երբ ես երիտասարդ էի և սովորում էի գրել` տանջվում էի, որ անհարթ էր ստացվում: Կասեմ միայն, որ ջանադրությունը սոսկ գործի կեսն է, և ինչքն էլ ճգնես, կատարելության չես հասնի: Երբ որ ծերանամ, այնժամ միայն կհասկանամ, որ զոռով չի լինում. Երեք մասը` մարդու գործն է, յոթ մասը` երկնային շնորհ»: «Լունշի»-ի3 հեղինակի այս բանատողերը նույն բանի մասին են: Արվեստում անսահման սարսափ կա թաքնված: Եթե մենք փող չսիրեինք, եթե չձգտեինք փառքի, և, վերջապես, մեզ չկեղեքեր գրելու համարյա հիվանդագին ծարավը, դժվար թե համարձակություն ունենային կռվի բռնվել այս սոսկալի արվեստի դեմ:

ԴԱՍԱԿԱՆՆԵՐԸ

Գրող-դասականները բախտավոր են. Նրանք այսպես թե այնպես, մեռած են:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Մենք կամ դուք նույնպես բախտավոր ենք, քանի որ նրանք, այսպես թե այնպես, մեռած են:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոչ ոք չի կարող ամեն ինչ մինջև վերջ խոստովանել: Միևնույն ժամանակ` առանց խոստովանության ոչ մի կերպ քեզ չես արտահայտի:
Ռուսսոն սիրում էր խոստովանությունը: Բայց չես ասի, թե իր «խոստովանության» մեջ նա մերկանում է ամբողջովին: Մերիմեն չեր սիրում խոստովանություններ. Իսկ մի՞թե «Կոլոմբան»` թող որ գաղտնորեն, բայց ի'ր մասին չէ: Անհնար է սահմանազատել խոստովանական գրականությունը ցանկացած մեկ այլ գրականությունից:

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ

Եթե լողալ չիմացողին հրամայես` լողալ', ամեն ոք դա անմտություն կհամարի: Եթե վազքի մեջ անվարժ մեկին հրամայես, վազի'ր, նույնպես խելամիտ չի լինի: Բայց բոլորս էլ ծնված օրից նման անհեթեթ հրամաններ ենք լսում:
Մենք` ի ՞նչ է, ապրել ենք սովորել դեռ մոր արգանդո՞ւմ: Բայց չենք հասցնում ծնվել` արդեն պարտավոր ենք մտնել կյանք, որը չափազանց նման է կռվադաշտի: Իհարկե, ով լողալ չի սովորել, չի կարող լավ լողորդ լինել, և ով վատ է վազում` միշտ էլ ետ կընկնի: Այդպես էլ մենք` չենք կարող դուրս գալ կյանքի ասպարեզից` առանց վերքեր ստանալու:
Հնարավոր է կյանք տեսած մեկը ասի. «Ավագները` քեզ օրինակ, պետք է նրանցից սովորես»: Բայց կարելի է հարյուրներով լողորդ ու վազորդ տեսնել, ու ոչ լողալ սովորել, ոչ` վազել: Փոխարենը` խեղդվել ջրի կամ փոշու մեջ: Լա'վ նայեք, մի՞թե աշխարհիս առաջինները հաղթական ժպիտի տակ ոչինչ չեն թաքցնում:
Մարդկային կյանքը նման է ցնորված կազմակերպչի սարքած օլիմպիական խաղերի: Մենք կյանքը հաղթահարելով` սովորում ենք հաղթահարել կյանքը: Նրանք, ովքեր չեն կարող անվրդով նայել այս անհեթեթ խաղին` լավ է անհապաղ հեռու կենան: Ինքնասպանությունն, անկասկած, նույնպես արժանի ելք է: Բայց ով ուզում է մնալ կյանքի ասպարեզում` պետք է մարտնչի` չվախենալով, որ կարող է խոցվել:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի. Լուրջ վերաբերվես` ծիծաղելի է, անլուրջ վերաբերվես` վտանգավոր:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ
Մարդկային կյանքը նման է մի գրքի, որում շատ էջեր պակաս են: Չես ասի, թե անբողջական օրինակ է: Բայց, այնուհանդերձ, ինչ էլ որ լինի, եղած միակ ամբողջական օրինակն է:

ՍԵՐԸ ԶՈՐԵՂ Է ՄԱՀԻՑ

«Սերը զորեղ է մահից»`4 Մոպասանի վեպի վերնագիրն է: Սակայն ո'վ ասաց, թե միայն սերն է զորեղ մահից: Օրինակ` որովայնային տիֆով հիվանդը բիսկվիթ է ուտում` քաջ գիտենալով, որ հաստատ կմեռնի: Սա չի՞ ապացուցում արդյոք, որ քաղցր բան ուտելու ցանկությունը կարող է մահից զորեղ լինել: Կարելի է ուրիշ շատ օրինակներ բերել, ասենք` հայրենասիրություն, կրոնական էքստազ, մարդկայնություն, շահամոլություն, սնափառություն, հանցավոր բնազդներ... անկասկած, շատ բան կա մահից զորեղ /բացառությամբ, իհարկե, մահվան ծարավից/: Բայց թե որքանոց է սերն ավելի զորեղ /մահից/, քան` մյուս բաները, դժվարանում են ասել: Նույնիսկ այն դեպքերում, երբ իսկապես թվում է, թե սերը զորեղ է մահից, մեզ գերիշխում է ֆրանսիացիների ասած բովարիզմը. Բովարի ժամանակներից գոյություն ունեցող սենտիմենտալիզմ, երբ ինքներս մեզ սիրային վեպերի հերոս ենք երևակայում:

ՍԿԱՆԴԱԼ

Հանդիսատես ամբոխը խայտառակ պատմություններ է սիրում: Սպիտակ Լոտոսի5 կամ Արիսիմայի6 հետ կատարված միջադեպերը անսահման բավարարություն պատճառեցին հասարակությանը: Սակայն ինչու՞ է հասարակությունը խայտառակ պատմություններ սիրում, մանավանդ, եթե հանրահայտ մարդկանց անուններ կան արանքում: Ռեմի դե Գուրմոնն այս հարցին պատասխանում է.
«Որովհետև նրանց խայտառակ պատմություններն մեզ մեր պատմություններն են հիշեցնում»:
Գուրմոնը ճիշտ է պատասխանել: Եվ ոչ միայն` ճիշտ: Այն հասարակ մարդիկ, ովքեր ընդունակ չեն նման արարքների, հանրահայտ մարդկանց սկանդալային պատմություններում իրենց թուլասրտության գերագույն արդարացումն են գտնում: Միևնույն ժամանակ` գերազանց պատվանդան, որի վրա կարող են իրենց գոյություն չունեցող գերազանցությունն ամբարձել: «Ես այնքան գեղեցիկ չեմ, որքան Սպիտակ Լոտոսը, բայց փոխարենը ես առաքինի եմ»: «Ես այնքան տաղանդավոր չեմ, որքան Արիսիման, բայց փոխարենը ես լավ եմ ճանաչում կյանքը»: «Ես այնքան... չեմ, բայց փոխարենը...». Այսպես ասելով` քաղքենիները խոզերի պես երջանիկ քնում են:

ՈՒՏՈՊԻԱ

Կատարյալ ուտոպիայի բացառման պատճառը, կարծում եմ, հետևյալն է. Եթե համեմատենք, որ մարդն` ինչպես որ կա, չի փոխվելու, ապա կատարյալ ուտոպիա չի կարող լինել: Եթե համարենք, թեկուզև կատարյալ, անմիջապես դառնում է թերի:

***
Բռնակալին ասել թե` բռնակալ է, միշտ էլ վտանգավոր է եղել: Իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկներին ասել, թե` ստրուկ են:

ՈՒԺԵՂԸ ԵՎ ԹՈՒՅԼԸ

Ուժեղ մարդը չի վախենում թշնամիներից, սակայն վախենում է բարեկամներից: Մեկ հարվածով թշնամուն` նա ամենևին չի դառնանում: Բայց քրոջ պես վախենում է ակամա խոցել բարեկամներին:
Թուլամորթը չի վախենում բարեկամներից, սակայն վախենում թշնամուց: Ահա թե ինչու յուրաքանչյուրի մեջ թշնամի է տեսնում :

ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Կյանքը երջանիկ դարձնելու համար պետք է սիրել առօրյա մանրուքները: Ամպերի փայլը, հնդկեղեգի շնկշնկոցը, ճնճղուկների ծլվլոցը, անցորդների դեմքերը... առորյա ամեն մի մանրուքի մեջ հարկավոր է գոհություն գտնել:
Կյանքը երջանիկ դարձնելու համա՞ր: Բայց սիրել մանրուքները` նշանակում է տանջվել ամեն մի մանրուքի վրա: գորտը, որ թռավ` այգու լճակն ընկավ, փշրեց համարյա թախիծը7: Բայց լճակից դուրս ցատկող գորտին գուցե բաժին ընկավ հազարամյա թախիծը: բասյոյի կյանքն անցել է բերկրության մեջ, բայց` ոնց էլ նայես, նաև անսահման տառապանքի:Որպեսզի ժպտալիս գոհանաս, պետք է որ`ժպտալիս տառապես:
Կյանքը երջանիկ դարձնելու համար` պետք է տանջվել հօգուտ առօրյա մանրուքների: Ամպերի փայլը, հնդկեղեգի շնկշնկոցը, ճնճղուկների ծլվլոցը, անցորդների դեմքերը... առօրյա ամեն մի մանրուքի մեջ պետք է տեսնել դժոխքն ընկածի չարչարանքը:

ԱՍՏՎԱԾՆԵՐ

Այն ամենից, ինչ բնորոշ է աստվածներին, հատկապես խղճահարության է արժանի այն, որ նրանք չեն կարող ինքնասպան լինել:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Մենք աստծուն անարգելու անթիվ պատճառներ ենք գտնում: Բայց դժբախտաբար, Աստծուն` այնքան զորեղ, որ արժե անարգել, մենք` ճապոնացիներս, չենք հավատում:

ԺՈՂՈՎՈՒՐԴ

Հասարակ մարդիկ առողջ պահպանողականներ են: Հասարակական կարգը, գաղափարները, արվեստը, կրոնը... մի խոսքով` որպեսզի այս ամենը ժողովրդի սիրույն արժանանա, պետք է վաղեմության կնիքը կրի: Եվ, եթե այսպես կոչված արվեստագետներին ժողովուրդը չի սիրում, միշտ չէ, որ մեղավորը հեբց իրենք` արվեստագետներն են:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ժողովրդի հիմարությունը հայտնաբերելով` չարժե այսօր պարծենալ: բայց հասկանալով, որ ինքներս հենց ժաղավուրդն ենք, արժե հպարտանալ:

ԿԱԻԲԱՐԱ ԷԿԿԵՆ8

Ե'ս էլ դպրոցական ժամանակ պատմություններ եմ սերտել Կաիբարա Էկկենի մասին: Մի անգամ Կաիբարա Էկկենին նավի վրա մի ուսանող է հանդիպել: Ուսանողը, երևի պարծենալով իր իմացությամբ, երկարաբանել է գիտության և արվեստի մասին: Էկկենը, որևէ կերպ չնդնիջելով, պարզապես լսել է նրան: Այդ րնթազքում նավը մոտեցել է ափին: Ուղևորները պարտավոր էին նավից դուրս գալուց առաջ իրենց անուններն ասել: Եվ, ուրեմն, այդ պահին ուսանողը իմացել է նրա ով լինելը և, շվարած, մեծն կոնֆուցիոնականի ներողամտությունն է հայցել իր քիչ առաջվա անպարկեշտության համար: Ահա այսպիսի դիպված էի ես սերտում:
Այն ժամանակ ես այս դրվագի մեջ տեսնում էի համեստության գեղեցկությունը: համենայնդեպսէ ջանում էի տեսնել: Բայց, դժբախտաբար, այժմ արդեն չեմ կարող այս պատմությունից որևէ ուսանելի բան քաղել: Այդ միջադեպն հիմա ինձ որոշ չափով հետաքրքրում է սոսկ հետևյալ նպատակներով.
Որքա~ն թունոտ է եղել Էկկենի արհամարանքը, երբ` առանվ որևէ բառ աելու, լսել է նրան:
Որքա~ն գռեհիկ են եղել ուսանողի անպատվությունը տեսնող ուղևորների խրախճատռուզ ծափահարությունները:
Որքա~ն կենսունակ է թռթռացել ուսանողների մեծախոսություններում նոր ժամանակների ոգին` Էկկենին անծանոթ:

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆ

Տաղանդը նույնպես խիստ սահմանափակ է: Այդ սահմանների զգացողությունը փոքր ինչ տխրեցնում է: Միևնույն ժամանակ, մի տեսակ ինքնքբերաբար, գորովանք է ներշնչում: Ինչպես` ասենք, եթե հասկանա, որ հնդկեղեգը` հնդկեղեգ է, իսկ վայրի խաղողը` վայրի խաղող:

ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջակ ստեղծագործությունը` նույնիսկ մեծածավալ, միշտ էլ նման է պատուհան չունեցող սենյակի: Այն չի կարող մարդկային կյանքը տեսանելի դարձնող հայեցակետ բացել:

ՀՆԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ
Հնարամտության հանդեպ նողկանքն արմատավորված է մարդկանց հոգնության մեջ:

ՔԱՂԱՔԱԳԵՏՆԵՐ

Քաղաքական իրազեկությունը, ինչով քաղաքագետները հպարտանում են մեզ պես անգետներից ավելին, այլևայլ փաստերի իմացությունն է: Վերջին հաշվով` այդ իրազեկությունը հաճախ սահմանափակվում է տեղեկությամբ` թե ինչ գլխարկ է դնում այսինչ կուսակցության այսինչ առաջնորդը:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Այսպես կոչված «պանդոկային քաղաքագետները» նման բաներից անտեղյակ են: Ինչ վերաբերվում է նրանց հայացքներին, ապա նրանք իսկական քաղաքագետներին չեն զիջում: Իսկ իրենց անշահախնդիր խանդավառության համար միշտ էլ առավել հարգանքի են արժանանում, քան իսկական քաղաքագետները:

ԴՈՍՏՈՅԵՎՍԿԻ

Դոստոևսկու վեպերը հեղեղված են զավեշտական կերպարներով: Ինչ խոսք` նրանց մեծ մասն իրոք որ թևաթափ կանի հենց սատանային:

ՖԼՈԲԵՐ

Այն, ինչ ուսուցանել է ինձ Ֆլոբերը` գեղեցիկ ձանձրույթն է:

ՄՈՊԱՍԱՆ

Մոպասանը նման է սառույցի: Իսկ երբեմն` սառցաքաղաքի:

ՊՈ

Նախքան կկերտեր սֆինքսին`Պոն մարդակազմություն է ուսումնասիրել: Խորհուրդը, որ սոսկումի հասցրեց հետագա սերունդներին, այդ ուսումնասիրության մեջ է թաքնված:

ԴՐԱՄԱՏԵՐԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Որևէ էական տարբերություն չկա, թե ով ինչ կվաճառի, արվեստագետն` իր ստեղծագործությունները, թե ես` ծովախեցգետնի պահածոներ: Բայց նրանք կարծում են, թե արվեստն աշխարհի մեշագույն գանձն է: Եթե արվեստագետներին նմանվեմ` ես էլ պիտի պարծենամ հատը վաթսուն սէն արժեցող իմ պահածոներով: Սակայն վաթսուն հաշված տարիների ընթացքում ես ոչ մի անգամ չեմ տառապել այդ տխմար ինքնապարծությամբ, ինչպես որ արվեստագետները»:

ԾՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Համապատասխանո՞ւմ են արդյոք ծնողները զավակ կրթողի իրենց դերին, թե` ոչ, հարց է: Իհարկե, ձիերին ու ցուլերին դաստիրակում են ծնողները, բայց պաշտպանել այս սովորույթը սոսկ բնությունը վկայակոչելով` ծնողական անհիմն քմահաճությունն է: Եթե բնությունը վկայաբերելով պաշտպանենք ցանկացած սովորույթ, ուրեմն հարկ է նախևառաջ պաշտպանել վայրենուն բնորոշ բռնությամբ կին առնելու սովորությունը:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ծնողի սերն ամենաանշահախնդիր սերն է: Բայց անշահախնդիր սերն այնքան էլ պիտանի չէ երեխաների դաստիարակաման համար: Այդ սիրո հետևանքով, համենայնդեպս` գլխավորապես այդ սիրո հետևանքով, երեխան կամ բռնակալ է դառնում, կամ` թուլակամ:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Հնուց ի վեր, ծնողների մեծ մասը նույն բանն է ասում « ես, ի վերջո, ձախողվեցի, բայց իմ երեխան, անշուշտ կհասնի հաջողության»:

ՄԵԾԱԾԱՎԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Մեծածավալ ստեղծագործությունը գլուխգործոց համարել` նշանակում է արժեվորում տալ այլ նյութական չափանիշներով: Երբ ասում են, թե սա, ահա, մեծ ստեղծագործություն է, ապա նկատի են ունենում միայն վարձատրության չափը: Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը» որմնանկարից առավել ես սիրում եմ ծերուկ Ռեմբրանդտի «Ինքնանկարը»:

ԻՄ ՍԻՐԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իմ սիրած ստեղծագործությունները, ես նկատի ունեմ` գրական, այն ստեղծագործություններն են, որոնց հեղինակը, զգացվում է, որ մարդ է: Մարդ է խելքով, սրտով և ճշմարիտ ապրումներով: Սակայն, դժբախտաբար, գրողները մեծ մասամբ խեղված են ու արատավոր: /Ինչ խոսք` երբեմն չես կարող չխոնարհվել մեծ արատավորի առաջ/:

ՓՈՐՁ

Կարևորել միայն փորձը, նշանակոիմ է կարևորել միայն կերակուրը, և շմտածել մարսողության մասին: Միևնույն ժամանակ` զառանցել փորձը և կարևորել միմիայն ունակությունը, նույնն է թե` չմտածելով կերակուրի մասին, հույսը դնել միայն մարսողության վրա:

ԱՔԻԼԼԵՍ

Ասում են, թե հույն հերոս Աքիլլեսի միակ խոցելի տեղը կրունկն է եղել: Չի՞ նշանակում արդյոք, թե Աքիլլեսին չանաչելու համար պետք է ճանաչել նաև նրա կրունկը:

ԼԵՆԻՆ

Ինձ ամենից շատ հիացրել է, որ Լենինը` լինելով այնքան մեծ, միևնույն ժամանակ այնքան հասարակ մարդ էր:

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաերջանիկ արվեստագետը նա է, ով փառքի է հասնում տարեց հասակում: Սակայն Կունիկիդա Դօպպօն,9 եթե մտածենք, ամենևին էլ դժբախտ արվեստագետ չէ:

ԼԱՎ ՄԱՐԴ

Կինը հազվադեպ է ուզում ամուսնանալ լավ մարդու հետ: Բայց տղամարդը միշտ էլ ուզում է լավ մարդու հետ ընկերանալ:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Լավ մարդը նույնն է թե` աստված երկնքում:Նախ` նրա հետ լավ է ուրախություն կիսելը: Ապա` գանգատվելը սեփական անհոգությունից: Եվ վերջապես... նա կա, թե` չէ, միևնույն է, ամեն ինչ լավ է:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

«Ատել հանցագործությունը, բայց չատել հանցագործին»` ամենևին էլ բարդ գործ չէ: նման մոտեցումը հատուկ է գրեթե բոլոր երեխաներին, եթե նկատի առնենք նրանց վերաբերմունքը ծնողների հանդեպ:

ՎԵՀՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդը սիրում է մարդու և նրա գործի վեհության մասին ճառեր լսել: Բայց որ ծարավի լինեն վեհությանը դեմ առ դեմ ելնելու` պատմության մեջ նման բան դեռ չի պատահել:

ԱՐՎԵՍՏ

Նկարի ներգործությունը տևում է երեք հարյուր տարի, գրի ներգործությունը` հինգ հարյուր տարի, գրական երկի ներգործությունը հավիտենական. - այսպես է ասել Վան Շան-չժենը10: Սակայն Դունխուանի պեղումներից դատելով, գրի և նկարի ներգործությունն ավելի տևական է, քան հինգ հարյուր տարին: բայց այդ, հարց է` արդյո՞ք հավիտենական է գրական երկի ներգործությունը, թե` ոչ: Գաղափարը չի կարող դուրս սպրդել ժամանակի ազդեցության ոլորտից: Մեր նախնիք «աստված» բառը լսելիս իկա'ն և սոկո'ւտայ11 հագած մարդ են պատկերացրել: Իսկ մենք, նույն բառը լսելիս, պատկերացնում ենք երկարամորուս եվրեպացու: Եվ պետք է ենթադրել, որ ոչ
միայն աստծո` նաև այլ գաղափարների հետ նույնը կպատահի:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ես հիշեցի Տո'յսու Սյարա'կուի12 փորագիր դիմանկարը, փորագրում պատկերված մարդը կրծքին էր սեղմել բացված հովհարը, որի վրա Կորինիի13 ոճով կանաչ ալիքներ էին նկարված: Դա էլ ավելի հմայիչ էր դարձնում ամբողջ փորագրանկարի գունագեղությունը: Սակայն խոշորացույցով ես տեսա, որ այն` ինչ ինձ թվում էր կնաչ, սարդոստայնով պատված ոսկի է: Որ Սյարակուի այդ փորագրանկարում ես տեսա' գեղեցիկը` փաստ է, բայց ոչ այն` ինչ պատկերել էր Սյարակուն: Դա նույնպես փաստ է: Նման փոփոխություն հնարավոր է և գրական երկի դեպքում:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Արվեստը նման է կնոջ: Որպեսզի ըստ կարելվույն գեղեցիկ երևա` պետք է տոգորվի ժամանակի հոգևոր մթնոլորտով, կամ նորաձև զգեստ հագնի:

ՏԱՂԱՆԴ

Տաղանդի հասնելու համար մեզ մնացել է ընդհամենը մեկ քայլ: Բայց հասկանալու համար, թե դա ինչ քայլ է, պետք է բարձրագույն թվաբանություն գիտենալ, ըստ որի` հարյուրի կեսը հիսունինն է:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Տաղանդի հասնելու համար մեզ մնացել է ընդհամենը մեկ քայլ: Ժամանակակիցները երբևէ չեն հասկանում, որ այդ քայլի երևակայությունը հազարի է: գալիք սերունդները կույր են և, ուրեմն, նույնպես չեն հասկանում: Ժամանակակիցներն, այդ պատճառով, սպանում են տաղանդը: Գալիք սերունդներն, այդ պատճառով, տաղանդի դեմ խունկ են ծխում:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Տաղանդի ողբերգությունն այն է, որ նրան «փափուկ ու բարեհարմար փառք» են բաժին հասնում:

ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Պատահականության դեմ պայքարը /այսինքն` Աստծո դեմ/ միշտ էլ առեղծվածորեն փառահեղ է: Խաղամոլները բացառություն չեն:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Խաղամոլների մեջ հնուց ի վեր հոռետեսներ չեն եղել. Սա նշանակում է, թե խաղամոլությունը որքան նման է մարդկային կյանքին:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Օրենքն արգելում է վատթար խաղերը ոչ այն պատճառով, որ դատապարտում է հարստության բախշման այդ եղանակը, այլ` որ դատապարտում է այդ եղանակի տնտեսագիտական տկարամտությունը:

ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Համբերությունը երազկոտ թուլամորթությունն է:

ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Իրագործելը ոչ միշտ է դժվար: Դժվարը ցանկանալն է: համենայնդեպս` ցանկանալ արժեցող բան իրագորշելը:

ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ

Համարել, թե մենք` ճապոնացիներս, ահա արդեն երկու հազար տարի է հավատարիմ են` միապետին և մեծարում ենք ծնողներին, նույնն է, թե ասենք, իբր Սա'րուտախիկոն-նո միկո'տոն14 շրթներկ ու դիմափոշի է օգտագործել:
Չսկսե՞նքարդյոք վերանայել պատմական բոլոր փաստերն ինչպես որ կան, մեկ առ մեկ:

ՃԱՊՈՆԱՑԻ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ

Ճապոնացի ծովահենները15 ցույց տվեցին, որ մենք` ճապոնացիներս, հզոր տերություններին հավասար լինելու բավարար ուժ ունենք: Թալանի, սպանդի, այլասերության մեջ մենք թերևս չզիջենք «Ոսկու կղզին»16 փնտրելու ելած իսպանացիներին, հոլանդացիներին և անգլիացիներին:

ՆԱԽԱՆՇԱՆ

Սիրո նախանշաններից մեկն այն մտավախությունն է, թե «նա» ժամանակին սիրել է ուրիշ մեկին, հետոէ իմանալու ցանկությունը, թե ո՞ւմ է սիրել կամ թե դա ո՞վ է եղել, և, ի վերջո, երևակայած «հերոսի» հանդեպ ունեցած խանդի աղոտ զգացումը:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Սիրո մի նախանշան ևս. դա «նրա» նման մեկին գտնելու հիվանդագին մղումն է:
ՍԵՐՆ ՈՒ ՄԱՀԸ

Որ սերը մտածել է տալիս մահվան մասին` գուցեև հաստատում է բնաշրջության տեսությունը: Էգ սարդերն ու մեղուները բեղմնավորումից անմիջապես հետո խայթում-սպանում են որձերին: Երբ հյուրախաղերի եկած իտալական թատերախումբը ներկայացնում էր «Կարմեն» օպերան, Կարմենի յուրաքանչյուր ժեստի մեջ ես զգում էի այդ մեղվի խայթը:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

Ամուսնությունը հանգստարար է միմիայն ցանկասիրության դեպքում, սակայն ոչ` սիրո:

ԶԲԱՂՄՈՒՆՔ

Սիրուց մեզ փրկում է ոչ այնքան խելամտությունը, որքան` զբաղմունքը: Սերը...կատարյալ սիրո համար նախևառաջ պետք է ժամանակ ունենալ: Հիշենք անցիալի սիրեկաներին` Վերթեր, Ռոմեո, Տրիստան...նրանք բոլորն էլ պարապ մարդիկ էին:

ՏՂԱՄԱՐԴԸ

Տղամարդն, ի սկզբանե, սիրուց առավել գործն է գնահատում: Եթե որևէ մեկը կասկածի տակ առնի այս իրողությունը, թող Բալզակի նամակները կարդա: բալզակը գրում էր կոմսուհի Գանսկայային «Եթե հնար լիներ այս նամակը երկի վերածել` քանի~ ֆրանկ կարժենար»:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ազատություն, ազատություն, ազատ սեր, ազատ առևտուր... դժբախտաբար, յուրաքանչյուր «ազատության գավաթի մեջ չափից դուրս ջուր է լցված, ընդ որում` ցեխաջուր»:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Եթե կողքից նայենք` բոլորն էլ ազատություն են ուզում: Սակայն հոգու խորքում ոչ ոք ամենևին չի մղվում ազատության: Ահա և ապացույց. Ամեն վայրկյան և առանց երկմտանքի չարագործության պատրաստ մարդասպան ստահակը նույնիսկ կարող է ասել, թե գործել է ի շահ պետության անվտանգության և բարգավաճման: բայց ազատությունը նախ և առաջ նշանակում է, որ մեր վարքն անկաշկանդ է, այսինքն թե` մեր արժանապատվությունից ցածր ` որևէ բանի համար ընդհանուր պատասխանատվություն կրելը և նշանակություն չունի` խոսքն աստծո, բարոյականության, թե հասարակական սովորույթների մասին է:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ազատությունը, ինչպես բարձր-լեռնային օդը, հակացուցված է թույլերին:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ճշմարիտ եմ ասում` տեսնել ազատությունը կնշանակի նայել աստծու աչքերին:

ԱՐՎԵՍՏՆ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ ՎԵՐ Է

Հնուց ի վեր «արվեստն` ամեն ինչից վեր» հռչակված մոլեռանդներն հիմնականում արվեստի ներքինիներն են: Ինչպես նաև առավել կատաղի հայրենասերները. Սովորաբար` մեռած երկրի մարդիկ:
Մեզանից ոչ մեկը չի ցանկանում ունենալ մի բան, ինչն այլևս ունի:

ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Գրական ստեղծագործության ժամանակ բառը պիտի ստանա այն վայելչագեղությունը, որից զուրկ է բառարանում:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Տյոգյուի17 պես բոլորն էլ ասում են` «գրականությունը` մարդն է»:
Սակայն հոգու խորքում յուրաքանչյուրն էլ գիտի, որ «մարդը` գրականությունն է»:

ԿՆՈՋ ԴԵՄՔԸ

Երբ կինը կրքոտում է` դեմքը, չգիտես ինչու, դառնում է աղջկական: Սակայն ճշմարիտ է նաև, որ նրան կարող է գրգռել նույնիսկ անձրևանոցը:

ԱՌՕՐՅԱ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այրվելն ավելի հեշտ է, քան հանգցնելը: Այս առօրյա իմաստնության կողմնակից էր «Bel ami»18-ի հերոսը: Ամեն անգամ, նոր սիրավեպ սկսելով, նա նախօրոք արդեն մտմտում էր խզման մասին:

ՄԱՆՈՒԿԸ

Մենք ինչու՞ ենք սիրում մանուկներին: Ասենք թեկուզ հենց այն պատճառով, որ երեխան երբեք չի խաբի. Կարող ենք անհոգ լինել` չի' խաբի:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Մենք բոլորովին չենք ամաչում մեր սառն անտարբերության ու տխմարության համար, երբ շփվում ենք երեխայի, կատվի կամ շան հետ:

ԳՐՈՂԸ

Գրելու համար անհրաժեշտ է բոցավառվել արարման հրով: Իսկ այդ հուրն անմար պահելու համար` նախևառաջ առողջություն է պետք: Անտեսել մարմնամարզությունը, բուսակերությունը... (և էլի բաներ) նշանակում է` չունենալ գրելու ճշմարիտ ցանկություն:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Գրելու ցանկության համար ամաչելը մեղք է: Այդ ամոթխածությունը բնավորած հոգում արարման ծիլը երբեք չի բողբոջի:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Հազարոտնուկ – Փորձիր քայլեր ոտքերով:
Թիթեռնիկ – Փորձիր հենվել թևերիդ:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Գրողական ոգու վեհությունն ամփոփված է ծոծրակում: Ինքն անկարող է տեսնել: Իսկ եթե փորձի ամեն գնով տեսնել` ընդամենը կկոտրի վիզը:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Տաղանդը միշտ էլ այնքան բարձր տեղ է կախում գլխարկը, որ մենք` հասարակ մահկանացուներս, չենք կարողանում ձգվել-հասնել: Իհարկե ոչ այն պատճառով, իբր ոտքի տակ դնելու հարմարանք չունենք:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ցանկացած հնավաճառի կրպակում նման բաներն ինչքան ասես աջ ու ձախ թափված են:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Բոլոր գրողներն էլ հատուկ հյուսնի պատվախնդրության զգացումը: Անպատվաբեր ոչինչ չկա: Յուրաքանչյուր հյուսնի հատուկ է գրողի պատվախնդրության զգացումը:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Բոլոր հիմքերն ունենք ասելու, որ դերասանների ու երգիչների բախտավորությունը նրանց արվեստի վաղանցիկությունն է:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Քո անձն ավելի դժվար է պաշտպանել. Քան` եթե պաշտպանեիր ուրիշներին: Ով կասկածում է, թող նայի դատապաշտպաններին:

ԿԻՆԸ

Ոցջամտությունն ասում է. «Հեռու կաց կնոջից»:
Սակայն առողջ բնազդն հակառակն է պնդում. «Մի' խուսափիր կնոջից»:

ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Բնության հանդեպ ունեցած մեր սիրո պատճառն այն է (համենայնդեպս` պատճառներից մեկը), որ բնությունն, ի տարբերություն մեզ, այսինքն` մարդկանց, ոչ խանդում է և ոչ էլ` խաբում:

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ճակատագիրն անխուսափելի է ավելի, քան պատահականությունը: «Ճակատագիրն ամփոփված է բնավորության մեջ». Այս բառերն ամենևին էլ զուր չեն ասված:

ԱՐՎԵՍՏ

Ամենադժվարին արվեստը ողջ կյանքում ազատ մնալն է: Միայն թե «ազատ» բառի հետ չարժե անմտորեն լկստվել:

ԱԶԱՏ ՄՏԱԾՈՂ

Ազատ մտածողի թույլ տեղն իր իսկ ազատ մտածելն է: Նա չի կարող մոլագարի պես կատաղի պայքարել:

ՏՈԼՍՏՈՅ

Եթե կարդում ես Բիրյուկովի «Տոլստոյի կենսագրությունը», պարզ է դառնում, որ «Моя исповедь», «В чем моя вера» գրքերը` սուտ են: Բայց ոչ մեկը այնպես չի տառապել, ինչպես այդ սուտը պատմող Տոլստոյը: Նրա սուտն արյամբ է քամված ավելի, քան այլոց ճշմարտությունը:

ՍԹՐԻՆԴԲԵՐԳ

Նա ամեն ինչ գիտեր: Բայց նա չկարողացավ անզգամորեն պատմել ողջ իմացածը: Անզգամություն չունեցավ... Ոչ, նա, ինչպես և մենք, փոքր-ինչ հաշվենկատ էր:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Սթրինդբերգը «Լեգենդներում» պատմում է, թե փորձ է արել իմանալ` արդյո՞ք տանջանական է մահը: բայց չի կարելի նման փորձ անել խաղալու պես: Նա մեկն է նրանցից, ով կամեցել է մեռնել և չի զորել:

ՈՄՆ ԻԴԵԱԼԻՍՏ

Նա ինքն էլ ամենևին չէր կասկածում, թե ռեալիստ է: Սակայն, մնալով այդ համոզմունքին, նա, վերջին հաշվով, իդեալիստ էր:

ՍԵՐԸ

Սերը բանաստեղծորեն արտահայտված սեռական ապրում է: Համենայնդեպս` բանաստեղծորեն չարտահայտված սեռական ապրումն արժանի չէ սեր կոչվելուն:

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլորի համար միակ ընդհանուր զգացումը` մահվան վախն է: Պատահական չէ, որ ինքնասպանությունը բարոյապես չի քաջալերվում:

ՄԱՀԸ

Մայլենդերն19 անչափ ճշգրիտ է նկարագրում մահվան հրապույրը: Եվ իրոք, եթե ինչ-որ պատճառով մենք զգանք մահվան հրապույրը, սաստիկ դժվար կլինի դուրս գալ այդ փակօղակից: Ավելին` մտորելով մահվան մասին, մենք, թվում է, օղակներ ենք գծում նրա շուրջ:

ՃԱԿԱՏԱԳԻՐ

Ժառանգականություն, շրջապատ, պատահականություն – ահա մեր ճակատագրերն ուղղորդող երեք հանագամանք: Ով ուրախանում է` թող ուրախանա: Բայց ուրիշների մասին դատելն ինքնահավանություն է:

ԾԱՂՐԱԲԱՆՆԵՐԸ

Ով ծաղրում է մյուսներին` վախենում է նրանց ծաղրանքից:

ՄԱՐԴԿԱՅԻՆ, ՉԱՓԱԶԱՆՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ

Մարդկային, չափազանց մարդկային – առավելապես կենդանական է:

ՈՄՆ ՏԱՂԱՆԴ

Նա վստահ էր, որ կարող է դառնալ սրիկա, բայց ոչ` ապուշ: Բայց տարիներ, անցան, նա չդարձավ սրիկա, այնինչ ապուշ` դարձավ:

ՀՈՒՅՆԵՐԸ

Օ, հույներ, որ Յուպիտերից վեր դասեցիք վրեժի աստծուն: Դուք գիտեք ամեն ինչ և ամենքին:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Բայց դա նիաժամանակ մատնանշում է, թե որքան է դանդաղում մեր առաջընթացը, մարդկա'նց առաջընթացը:

ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ

Մեկնումեկի իմաստությունը ժողովրդի իմաստությունից լավ է: Միայն թե` պարզ լիներ:

ՈՄՆ ՍԱՏԱՆԱՅԱՊԱՇՏ

Նա բանաստեղծ-սատանայապաշտ էր: Սակայն, պարզ է, նա իրական կյանքում լոկ մեկ անգամ էր դառնափորձել ու համոզվել, թե ինչ է նշանակում դուրս գալ անվտանգության գոտուց:

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Մենք ամենից շատ հպարտանում ենք նրանով, ինչ որ չունենք: Օրինակ, Տ.20-ն վարժ գիտեր գերմաներեն, բայց նրա գրասեղանին միշտ դրված էին անգլերեն գրքեր:

ԿՈՒՌՔԸ

Ոչ մեկը չի խոսում կուռքերին տապալելու դեմ: Այդուհանդերձ` ոչ մեկը դեմ չի նաև, որ անձամբ իրեն կուռք հռչակեն:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Բայց ոչ ոք չի կարող որևէ մեկին ճշմարիտ կուռք դարձնել: Թերևս` միայն ճակատագիրը:

ՄԱՐԴԿԱՅԻՆԸ

Մարդկանց առանձնահատկությունն այն է, որ մեզ բնորոշ է գործել աստծո չգործած մեղքերը:

ՊԱՏԻԺ

Անպատիժ լինելուց առավել տանջալի պատիժ գոյություն չունի: Բայց աստվածներն արդյոք կերաշխավորե՞ն, թե անպատիժ կմնաս` արդեն ուրիշ հարց է:

ԵՍ

Ես խիղճ չունեմ: Իմը ջղեր են:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Ես անտարբեր եմ եղել դրամի նկատմամբ: Իհարկե, որովհետև հացի փող միշտ էլ ունեցել եմ:

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Եվ Շեքսպիրը, և Գյոթեն, և Լի Թայ-Պոն21, և Տիկամա'ցու Մոնձաէմո'նը22... բոլորն էլ կմեռնեն: Բայց արվեստը հունդեր կթողնի ժողովրդի մեջ: 1923 թվին ես գրել եմ. «Թող գանձը փշրվի, կղմինդրը կմնա»:23 Ես առ այսօր այս համոզմունքին եմ:

ՆՈՒՅՆԻ ՄԱՍԻՆ

Լսեցեք մուրճի զարկերը: Քանի դեռ գոյություն ունի այդ համաչափ զարկը` արվեստը չի մեռնի: (Սյովի առաջին տարվա առաջին օրը)24:

1923-1926



1Բնագրում օգտագործված է րյոսին (խիղճ) բառի ստուգաբանությունը, որն իր մեջ կրում է րյո (բարի) հասկացությունը: Նախադասությունը տառացիորեն նշանակում է` «բարոյախոսությունը չի ստեղծել րյոսին բառի րյո նշանը»:
2Բուդդայի մարմինը քանդակելիս յուրաքանչյուր հարվածից հետո երեք անգամ խոնարհվել են նրան:
3 «Լունշ»-հին չինական աշխատություն պոեզիայի մասին:
4Նկատի ունի Մոպասանի «Զորեղ ինչպես մահը» վեպը:
5«Սպիտակ Լոտոս»-հանրահայտ երգչուհի, կոմս Յանագիվարայի կրտսեր դուստր Ակիկոյի բեմական ծածկանունը: 1921-ին, թողնելով մեծահարուստ ամուսնուն, փախավ մի երիտասարդի հետ. այդ մասին թերթերը շատ գրեցին:
6Արիսիմա Տարեկո /1878-1923/ - գրող, հունիսի 9-ին, Կարուիձավայի ամառանոցում ինքնասպան եղավ սիրուհու` Նամիտա Նոակիի հետ:
7Ճապոնացի աշխարհահռչակ բանաստեղծ Բասյոյի տողերի փոխառությունն է.
Այգու լճակ:
Գորտը ցատկեց-
ջրի ճողփյուն:
8Կաիբարա Էկկեն - /1630-1714/ հանրահայտ կոնֆուցիոսական:
9Կունիկիդա Դօպպօ/1871-1908/- գրող, ճանաչման է հասել կյանքի երեսունհինգերորդ տարում:
10Վան Շան-չժեն /1526-1590/ - չին արվեստի տեսաբան:
11Իկա'ն և սոկո'ւտայ – հին պալատական զգեստի ձևեր:
12Տո'յսու Սյարա'կու – 19-րդ դարի գունավոր փորագրության վարպետ:
13Կորնի - /1658 – 1716/ ճապոնացի խոշորագույն գեղանկարիչ:
14Սա'րուտախիկո-նո միկո'տո-Սինտոիզմի աստվածներից, որն առանձնացել է գռեհկությամբ: /Սինտոիզմը/ ճապ. - ատտվածների ուղի/ առաջ է եկել Ճապոնիայում դեռ նախնադարյան ժամանակաշրջանում/:
15Նկատի ունի 13 – 16 դդ. ծովահեններին, որ սարսափ են սփռել խաղաղօվկիանոսյան ողջ ափով մեկ` Կորեայից մինջև Հնդկաչին:
16«Ոսկու կղզի» - այսպես է ասել Ճապոնիայի մասին Մարկո Պոլոն:
17Տյոգյու Տակույամա (1871-1902) – ճապոնացի գրաքննադատ:
18Մոպասան. «Սիրելի բարեկամ»:
19Ֆիլիպպ Մայնլենդեր (1841-1876) – գերմանացի փիլիսոփա:
2020-ական թվականներին, ճապոնացի գրական շրջանակներում, ի հայտ եկան սատանայապաշտական տրամադրություններ` ազդված Բոդլերի «Չարի ծաղիկներից»: Լավագույն ներկայացուցիչներից է Տանիձակի Ձյունիտիրոն:
21Լի Թայ-Պո (701-762) – Չին մեծագույն բանաստեղծ:
22Տիկամա'ցու Մոնձաէմո'ն – ճապոնացի մեծանուն դրամատուրգ:
23Ժողովրդական ասացվածք:
24Սյովի առաջին տարվա առաջին օրը – 26 դեկտեմբերի 1925 թիվ:

2 комментария:

  1. Спасибо большое)))))

    ОтветитьУдалить
  2. Շնորհակալություն, ես նույնը ռուսերեն էի կարդացել, բայց հայերեն ավելի լավն է:

    ОтветитьУдалить